ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, հայտարարություն կներկայացնի դատախազություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճան ճանաչելու պահանջով։ Այս մասին նա հայտարարեց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ։
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ակցիան Ազնավուրի հրապարակում (26 ապրիլի, 2022թ). Երևան
© Sputnik / Aram Nersesyan
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են Շառլ Ազնավուրի հրապարակում։
«Բոլոր տվյալներով՝ պետական դավաճանություն է տեղի ունեցել, Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի, և նա պետք է մեղավոր ճանաչվի։ Մենք տենչում ենք այդ օրը, երբ կպատժվեն բոլոր մեղավորները։ Մենք պետք է տուժող կողմ ճանաչվենք, որպեսզի լինենք դատարանում ու մեր աչքով տեսնենք ամեն ինչ»,- շեշտեց նա։
Տոնոյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմի հնարավոր հարձակման մասին տեղեկություններ և կոնկրետ տվյալներ եղել են, սակայն պատասխանատուները անգործության են մատնվել, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Միաժամանակ, նա խոստացավ ինքը պատժել 44-օրյա պատերազմում զոհվածների հարցում բոլոր մեղավորներին, եթե իրավապահ մարմինները չզբաղվեն այդ հարցով։
«Ես ապրում եմ միայն դրա համար, որպեսզի յուրաքանչյուր ոք դրա պատասխանը տա»,- ասաց նա։
Կարին Տոնոյանի ձեռքին դատախազությանն ուղղված բողոքն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հավաքվածները խոստացան ստորագրել դրա տակ։
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ակցիան Ազնավուրի հրապարակում (26 ապրիլի, 2022թ). Երևան
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք` ապրիլի 13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է 44–օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության վերաբերյալ։
Նա ասել է, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ, նշել, որ հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև 2018-19թթ-ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։
Վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի 18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:
Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։