ՀՀ նախագահն ու վարչապետն ընդունել են ՆԱՏՕ-ի ներկայացուցչին. անդրադարձել են ԼՂ հարցին

Նիկոլ Փաշինյանն ու Խավիեր Կոլոմինան
Նիկոլ Փաշինյանը շեշտել է միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել են Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես` խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը, և հետաքրքրված է դրա խորացմամբ։

«Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բավական լարված է, և Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտ համարելով միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին»,- ասել է վարչապետը։

Նա անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ևս մեկ անգամ շեշտել միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:
Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում և պատրաստ է օժանդակել այդ գործընթացին:
ՀՀ նախագահն էլ Կոլոմինայի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ:
Վահագն Խաչատուրյանն ու Խավիեր Կոլոմինան
Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և ակնկալում, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որը հանդիսանում է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափը:
Հիշեցնենք, որ այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ընդունել էր նաև ՀՀ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանը։