«Արտառոց իրավիճակի հետ գործ ունենք». ՀՀ գլխավոր դատախազը մոտեցավ զոհվածների հարազատներին

Ծնողներն ասել էին, որ ցանկանում են դատախազին հանձնել իրենց պահանջը` քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության շենքից դուրս եկավ և մոտեցավ զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներին, որոնք ավելի վաղ հանդիպում էին պահանջել նրա հետ։
«Այս պատերազմի ընթացքում մենք հազարավոր հերոս տղերք ենք կորցրել, հազարավորներն էլ կանգնել են առաջնագծում, բայց ունեցել ենք պատերազմի այսպիսի ելք։ Ես հասկացել եմ ձեր ցավն ու վիշտը, դրա համար իջել եմ այստեղ, քանի որ արտառոց իրավիճակի հետ գործ ունենք»,–ծնողներին դիմելով ասաց Դավթյանը, նշելով, որ խոնարհվում է բոլոր զոհվածների շիրիմների առջև։
ՀՀ գլխավոր դատախազը դիմեց ծնողներին ու շեշտեց, որ իրենք քաղաքական գործունեություն իրականացնող մարմին չեն, որ հարցեր լսեն, պահի տակ պատասխաններ տան։ Երբ խոսքը վերաբերում է քրեական գործին, գործ ունեն բացարձակ օրենքով նախատեսված իրավիճակների հետ։
«Եթե խոսքը վերաբերում է օրեր առաջ զոհվածների ծնողների կողմից ներկայացված հաղորդմանը, մենք հաջորդ օրը դատախազություն հրավիրեցինք մի քանի ծնողների և պարզաբանեցինք, թե ինչ ենք արել։ Ես այստեղ ձեր ներկայությամբ վստահեցնում եմ, որ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, և այս պահին էլ դատախազական բոլոր հնարավոր միջոցները կիրառվում է այդ քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու և վերջնական իրավական գնահատականներ տալու համար»,–ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը, Դավթյանը նշեց, որ եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեր, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի։
«Այստեղ շատ կարևոր է հանգամանքները, թե ինչպիսի իրավիճակ է եղել, ինչ տվյալեր ենք ունեցել, զենքերի գոյություն ...»,–ասաց նա։
Նրա խոսքից հետո աղմուկ բարձրացավ, որից հետո գլխավոր դատախազը հիշեցրեց, որ 5-10 ծնող կարող են իրենց հարցերը ձևակերպել ու ավելի հանգիստ պայմաններում իրեն ուղղել, ստանալ պատասխաններ, քանի որ նրա պատասխանները նման իրավիճակում լսելի չեն։
«Ձեր պահանջի արդարացիությունը ոչ մի վայրկյան չի կարող վիճարկվել։ Ես իջա, որ դուք հասկանաք. ես չեմ խուսափում ձեզ հետ հանդիպումից»,–ասաց Դավթյանը։
Հիշեցնենք` ապրիլի 13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44-օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար, բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության վերաբերյալ։
Նա ասել է, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ, նշել, որ հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև2018-19թթ-ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։
Վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:
Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։