ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը և խաղաղ քաղաքացիների անվտանգության ապահովման ջանքերը, այդ թվում՝ հումանիտար միջանցքների կազմակերպումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինն ասել է, որ Կիևի իշխանությունները պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնեն և «Ազովստալ» ձեռնարկությունում արգելափակված զինվորականներին հրամայեն վայր դնել զենքերը` մարդասիրական նկատառումներից ելնելով:
Ռուսաստանի առաջնորդն անդրադարձել է նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին հարցին և հայտնել, որ այնտեղ ռազմական գործողություններ չեն ընթանում:
Բացի այդ, Պուտինը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի մասին:
Նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր` անդրադառնալով ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներին: Նրանք գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական համագործակցության աճի կապակցությամբ։ Պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։