Չեմ բացառում` Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվի. Սաղաթելյանը հայտնեց վաղվա ծրագրի մասին

Տիգրանաշենից քայլերթ սկսած ընդդիմադիրներն արդեն հասել են Երասխ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Վաղն ընդդիմադիրները իրենց քայլերթը կսկսեն Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից։ Այսօրվա քայլերթի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Վաղը կրկին շարունակվելու են մեր անհնազանդության ու իրազեկման ակցիաները։ Վաղը ժամը 18։30-ին հավաքվում ենք Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից կսկսենք իրազեկման ակցիան»,–ասաց Սաղթելյանը։

Նա հայտնեց նաև, որ Տիգրանաշենից քայլերթ սկսած ընդդիմադիրներն արդեն հասել են Երասխ, իսկ Տավուշից քայլերթի դուրս եկածները` Իջևան քաղաք։ 2 օրից Բաշ–Ապարանից և Սարդարապատից քայլերթեր կմեկնարկեն։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հույսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Ես չեմ բացառում, որ Փաշինյանն Ալիևի հետ կպայմանավորվի և կասի` նոր սադրանք արա, որպեսզի ժողովրդին վախեցնեմ ու կասեցնեմ այս պրոցեսը։ Ես ասում եմ` չի ստացվելու, մեզ ոչինչ հետ չի կանգնեցնելու»,–ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմադիրներն այսօր ավարտեցին իրենց իրազեկման ակցիան։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն երկրորդ օրն է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան այսօր մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։