ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Արևմուտքի երկրները մերժում են միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման փոխադարձ մորատորիումի մասին առաջարկը: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրում։
«Փոխադարձ մորատորիումի մասին մեր առաջարկները մերժվում են, թեև մենք այդ առաջարկությամբ ցանկանում ենք, որ ստուգման մեխանիզմները ևս համաձայնեցվեն»,- ասել է նա։
Արևմուտքը Կիևին դրդում է շարունակել մարտական գործողությունները. Լավրով
«Նրանք չեն հավատում, թե Կալինինգրադում կա «Իսկանդեր», որը չի խախտել պայմանագրում ամրագրված միջին և փոքր հեռահարության հրթիռների պարամետրերը»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Մոսկվան Արևմտյան ներկայացուցիչներին առաջարկել է փոխադարձության հիման վրա այցելել Կալինինգրադ: Դրան ի պատասխան՝ ՌԴ ներկայացուցիչները Լեհաստանում և Ռումինիայում կարող են այցելել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ռազմակայաններ։
Ինչպես ընդգծել է Լավրովը, ազնիվ առաջարկ է, բայց Արևմուտքը հրաժարվում է դրանից:
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվային անհանգստացնում է Եվրոպայում և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու Վաշինգտոնի մտադրությունը: