ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանում անասնաբուժության ոլորտում մասնագետների պակասի լուրջ խնդիրներ կան, երիտասարդները չեն ցանկանում սովորել ու անասնաբույժ դառնալ։
Անասնաբույժների միջազգային օրվան` ապրիլի 29-ին ընդառաջ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Սննդամթերիքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել են լրագրողների հետ։
«Փորձելու ենք անել ամեն ինչ, որ անասնաբույժի մասնագիտությունը ևս պահանջված լինի։ Անասնաբույժների մեծ մասը շների և կատուների հետ է ուզում աշխատել, ինչի հետևանքով ոլորտը մնում է բաց։ Կարելի է վստահ ասել, որ բացի շուն, կատու բուժողներից՝ բոլոր օղակներում բացեր ունենք, դրանք փակելու համար անասնաբույժները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան »,- ասաց Գեորգի Ավետիսյանը։
Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ օրենքի փոփոխության նախագիծ են մշակում, որով յուրաքանչյուր անասնաբույժ պետք է գործունեություն ծավալելու լիցենզիա ունենա։ Կարևոր է ոչ միայն լիցենզիան ստանալը, այլև պահելը, որի համար անասնաբույժները մշտապես պետք է հարստացնեն իրենց գիտելիքները։
Նրա խոսքով, օրենքի փոփոխությունից հետո կլինեն խստացումներ, և գյուղացիներն այլևս չեն կարող իրենց անասուններին ներարկումներ անել, դա պետք է պարտադիր անի անասնաբույժը։ Ու երբ մսամթերքի վաճառքի համար անասնաբույժը տեղեկանք տա, նա վստահ կլինի, որ կենդանին բոլոր պատվաստումներն ու բուժումները ստացել է։
«Քանի որ հակառակ պարագայում ոչ միայն անասնաբույժի աշխատանքն են նրա ձեռքից վերցնում, այլև դա վնասում է մարդկանց առողջությանը, քանի որ երբեմն հակաբիոտիկներով հարուստ մսամթերքը հայտնվում է մեր սեղանին»,- ասաց Գաբրիելյանը։
Բանախոսների խոսքով, այս տարի աշնանը նախատեսվում է ևս մեկ կարևոր գործընթաց՝ կենդանիների հաշվառումն ու համարակալումը, որը լրացուցիչ գործիք կլինի վերահսկողության համար։
Նշենք, որ Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Հայաստանում առաջին անգամ այս տոնը պետական նախաձեռնությամբ ու աջակցությամբ նշվել է 2019 թվականին: