ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն դեմ է ցանկացած միակողմանի գործողության, հատկապես` Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով` Վաշինգտոնը մշակում է վստահության ամրապնդման տարբեր միջոցներ։ Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։
«Ես բավական ակտիվ համագործակցել եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսազրույցներ եմ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրուցել եմ նաև այդ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով օգնել խթանելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,- ասել է Բլինկենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ:
Հիշեցնենք` ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ապրիլի 15-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին ու Հայաստանին համապարփակ խաղաղության հասնել, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ) միջոցով: