Ալիևն ասել է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև երկաթուղու 60 կմ-ն ադրբեջանական կողմում պատրաստ է

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ ադրբեջանական տարածքում երկաթուղու կառուցումը 2023թ-ին կավարտվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապ ապահովելու համար նախատեսված երկաթուղու ադրբեջանական կողմում ճանապարհի 60 կիլոմետրը արդեն կառուցվել է։ Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, Բաքվում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Ալիևն ու Օվերչուկը խոսել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմում նախատեսում են երկաթուղու շինարարությունն ավարտել եկող տարի։ Նա խոսել է նաև նախատեսվող ավտոճանապարհի մասին ու բողոքել՝ Հայաստանը մինչ այսօր որևէ պատասխան չի տվել Ադրբեջանին, որևէ աշխատանք հայկական կողմից այս ուղղությամբ չի սկսվել, չեն ներկայացվել նույնիսկ Հայաստանի տարածքով անցնելիք ճանապարհի կոորդինատները, իսկ ադրբեջանական կողմում աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի։
«Մեր առաջարկած 5 սկզբունքները պետք է ընդունվեն». Ալիևը` ՀՀ–ի «վերջին հնարավորության» մասին
Հիշեցնենք, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի աշխատանքը վերականգնելու վերաբերյալ։ Դեռևս Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունն ամրապնդվել է Բրյուսելում։ Դա հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ՀՀ վարչապետի խոսքով` երկաթգիծը գործելու է սահմանային և մաքսային ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Արդյունքում Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը` դեպի Նախիջևան։ Բացի այդ, եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ սահմանների և հաղորդակցությունների բացման շուրջ, ապա կգործի նաև Գյումրի-Կարս երկաթգիծը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Երասխ-Հորադիզ երկաթգիծը կարող է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում պահանջել։