Ալավերդի քաղաքում դստերը Դեբեդ գետն է գցել մայրը, նա ձերբակալվել է

Մայրը ոստիկաններին հայտնել է, որ կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ալավերդի քաղաքում 2-ամյա դստերը Դեբեդ գետն է գցել նրա մայրը, նա ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեբեդ գետը երեխա է ընկել, նրան հաջողվել է փրկել։
Ոստիկանությունից փոխանցում են, որ երեխայի մայրը հայտնել է, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ:

«Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը»,- հայտնում են ոստիկանությունից:

Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը հայտնել էր, որ երեխային «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղափոխել են Վանաձորի ԲԿ, բժիշկները երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Վանաձորից երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: ԲԿ-ից հայտնել են, որ փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ: