ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքի մոտից ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին բերված և վնասվածքներ ստացած անձանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որը ոստիկանության շենքում էր և փորձում էր պարզել, թե ինչ իրավիճակ է ներսում։
«Օգնություն ցուցաբերվել է այն անձանց, որոնք ունեին դրա կարիքը, իսկ այդպիսիք քիչ չէին։ Մենք հասել ենք նրան, որ կապիտուլյանտների համար ուժ է կիրառվում նաև աղջիկների, կանանց նկատմամբ։ Բերման ենթարկված օրիորդներից մեկին նույնպես բժիշկներն այս պահին օգնություն են ցուցաբերում։ Առնվազն 4 հոգու նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել և ասել, թե անհամաչափ ուժ է կիրառվել, ոչինչ չասել է»,- նշեց Մամիջանյանը։
Նրա խոսքով` այդ ամենի հետևանքները շատ ծանր կլինեն, և այն ոստիկանները, որոնք խաղաղ ցուցարարների վրա ձեռք են բարձրացնում ու ուժ են կիրառում` պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ։
Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի մոտ հավաքված երիտասարդները, որոնք սպասում են իրենց ընկերների ազատ արձակվելուն, պարբերաբար վանկարկում են «առանց Նիկոլ Հա-յաս-տան»։
Հիշեցնենք, որ ՔՊ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակից 11 քաղաքացի է բերվել ոստիկանություն։