Վահագն Վիշապաքաղն ու Տորք Անգեղը կմնան նույն համայնքներում, բայց կտեղափոխվեն այլ վայրեր

«Տորք Անգեղ». Արխիվային լուսանկար
Արձանների տեղափոխության հարցով կստեղծվի մասնագիտական աշխատանքային խումբ։ Հարցը կքննարկվի ԿԳՄՍ նախարարության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի «Վահագն Վիշապաքաղ» և «Տորք Անգեղ» հուշարձանները կմնան նույն վարչական շրջաններում, բայց կտեղափոխվեն այլ` ավելի տեսանելի վայրեր։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Ես համացանցրում նայեցի, որ տարբեր դիսկուրսներ կան, քննարկվում է տեղափոխելու հարցը։ Ասեմ, որ տրամադրվածությունն այնպիսին է, որ նույն վարչական շրջաններում մնան այդ արձանները։ Բայց ավելի տեսանելի վայրում լինեն, տենց քողարկված չլինեն»,- ասաց քաղաքապետը։
Քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ հայտնեց, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում, Գայի պողոտային հարող հատվածում գտնվող «Տորք Անգեղ» հուշարձանը ներառված է Երևան քաղաքի հուշարձանների ցանկում` որպես հանրապետական նշանակության հուշարձան, իսկ Մալաթիա-Սեբաստիայի Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում գտնվող «Վահագն Վիշապաքաղը»` որպես տեղական նշանակության հուշարձան։ Ուստի, դրանց տեղափոխության համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն։
Այդ նպատակով որոշվեց ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ` հուշարձանների տեղափոխման բոլոր հարցերը քննարկելու համար։
Հրաչյա Սարգսյանը հանձնարարաեց այդ հարցով խորհրդակցել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ։
Հիշեցնենք` հուշարձանների տեղափոխման մասին առաջին անգամ խոսվել էր մեկ շաբաթ առաջ` Երևանի ավագանու նիստի ժամանակ, երբ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը ներկայացրել է նախագիծ «Վահագն վիշապաքաղ» և «Տորք Անգեղ» արձանների տեղափոխելու մասին։
Նախագծի հեղինակն իր այդ առաջարկը հիմնավորել էր դրանք ավելի տեսանելի վայրեր տեղափոխելու ու ավելի լայն շրջանակների համար ճանաչելի դարձնելու նպատակով։