Ուրուգվայի նախագահը և ԱԳ նախարարը դատապարտել են Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ժեստը

Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն. Արխիվային լուսանկար
Ուրուգվայի ԱԳ նախարարը նշել է, որ իրենց երկիր այցելողները պետք է հանդուրժողականություն սերմանեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ուրուգվայի նախագահ Լուիս Լակայե Պոուն, ինչպես նաև Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն դատապարտել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը, տեղեկանում ենք El Pais-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չավուշօղլուն Ուրուգվայում ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ակցիայի հայազգի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու թուրք նախարարի այցի դեմ։ Նա ավտոմեքենայի պատուհանից ցույց էր տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը խորհրդանշող ժեստը, իսկ նրանք, ովքեր հավաքվել էին փողոցում` արտգործնախարարին ողջունելու, ի պատասխան ծափահարել էին։
Ուրուգվայի նախագահը «ցավալի» է համարել միջադեպը, իսկ ԱԳ նախարարն էլ դատապարտել է այն։
«Ուրուգվայը հիշողության երկիր է, բայց նաև սկզբունքներ և հանձնառություն ունի ապագայի և խաղաղության նկատմամբ։ Մենք ինքներս շատ հանդուրժող ենք, բայց ուզում ենք, որ մեր երկիր եկողներն էլ հանդուրժողականություն և խաղաղություն սերմանեն»,– Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին։