ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի. առյուծը ձագ է ունեցել։ Տեղեկությունը հրապարակվել է այգու ֆեյսբուքյան էջում։
«Ուռա՜, այգում էլի ծնունդ ունենք. էգ առյուծ է ծնվել: Կորյունը մի քանի օրական է: Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ: Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, 2 ժամը մեկ կերակրվում է հատուկ կաթով, որի համար այգու տնօրենի ժ/պ-ի կարգադրությամբ սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ»,- նշված է գրառման մեջ։
Ի դեպ, վերջին անգամ այգում առյուծներ էին ծնվել է 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ:
Այգին ֆեյսբուքյան օգտատերերին առաջարկում է կորյունին անուն տալ` առաջարկելով ընտրել երեք անուններից մեկը` Աֆֆինա, Գիսանե և Գիտա։
Այս պահին մեծամասնությունն առաջարկում է նորածնին Աֆֆինա անվանել։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին այգում ծնվել է Նանար և Վահագն անուններով պոնիների առաջնեկը։