Թուրքիան դեմ է Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելուն․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներին առաջարկում է իրենց ռազմանավերը Սև ծով մտցնելու փորձեր չանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիան դեմ է Սև ծովում Ռուսաստանի դեմ հետախուզական օպերատիվ խումբ տեղակայելու ծրագրերին և նույնը կոչ է անում Ռումինիային ու Բուլղարիային։ Թուրքական Hürriyet թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ նախորդ տարվա առաջարկությունը։
2021թ․ հոկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Սև ծովի անվտանգությունն ու կայունությունը ԱՄՆ ազգային հետաքրքրության շրջանակում է, և այդտեղ Ռուսաստանի դեմ հակազդելու համար պետք է զարգացնել ռազմական համագործակցությունը սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
Աքարի խոսքով` Թուրքիան ՆԱՏՕ-ին մի քանի անգամ առաջարկել է, որ Ուկրաինայի ռազմական գործողության ընթացքում երրորդ երկրների ռազմանավերը Սև ծով չմտնեն, որ այդպես ճիշտ կլինի։
«Այստեղ չպետք է խախտվի հավասարակշռությունը` ելնելով առափնյա երկրների՝ իրավիճակի նկատմամբ գերակայություն ունենալու սկզբունքից։ Եթե այն խախտվի, շատ բարձր է հավանականությունը, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա։ Պետք չէ Սև ծովը մրցակցության գոտի դարձնել»,- ասել է թուրք պաշտոնյան։
Աքարը նշել է, որ այս պահին Սև ծովում առափնյա երկրներին չպատկանող օտարերկրյա ռազմանավեր չկան։ Թուրքիան ռուսական և ուկրաինական ռազմանավերի համար փակել է դեպի Սև ծով նեղուցներով անցումը, ստիպված է փակել նաև ՆԱՏՕ-ի երկրների համար։
«Այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, դաշնակիցների ռազմանավերի Սև ծով մտնել-դուրս գալն էլ խնդիրներ կառաջացնի»,- ասել է նա։
Հետևաբար, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներին էլ է առաջարկում իրենց ռազմանավերը Սև ծով մտցնելու փորձեր չանել։ Թուրք պաշտոնյան ՆԱՏՕ-ին կոչ է անում խուճապի չմատնվել. ցանկացած քայլ, ինչ նպատակով էլ արված լինի, հակառակ կողմը կարող է սադրանք ընկալել։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած ռազմական հատուկ գործողությունից հետո Թուրքիան, Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն, արգելել է ռուսական և ուկրաինական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ըստ Մոնտրյոյի 19, 20, 21-րդ կետերի` պատերազմի ժամանակ, եթե Թուրքիան պատերազմող կողմերից մեկը չէ, կարող է արգելել պատերազմող երկրների ռազմանավերի անցումը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով, սակայն այն բացառությամբ, որ պատերազմող կողմերի ռազմանավերը կարող են վերադառնալ իրենց ռազմաբազայի նավահանգիստ։
Եթե Թուրքիան պատերազմող կողմ է, ապա կարող է նեղուցներով ռազմանավերի անցումը կարգավորել՝ ինչպես կցանկանա։ Թուրքիան իրավունք ունի կիրառելու նախորդ կետը, եթե կարծում է, որ իր նկատմամբ պատերազմական իրավիճակի վտանգ կա։