ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Համաձայն նախագծի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով սահմանվում է կրթական հինգ մրցանակ.
լավագույն ուսանողների համար` «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն մագիստրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն բակալավր» (1-ին և 2-րդ կարգ),
լավագույն աշակերտների համար` «Լավագույն աշակերտ»՝ 2023 թվականից:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։
ԿԳՄՍ նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել ՏՏ բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից համալսարանների ցանկը, իսկ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը՝ «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության պայմանները:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 5-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: