Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել` պահանջելով դադարեցնել Կիևին զենք մատակարարել

Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր Կիևին 800 մլն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ հատկացնելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել` պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենք մատակարարել։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
«Արդյոք նոտա փոխանցե՞լ ենք. այո՛, մենք ընդգծել ենք մի իրավիճակի անընդունելի լինելը, երբ ԱՄՆ-ն զենքով «հագեցնում է» Ուկրաինան, մենք պահանջել ենք դադարեցնել նման պրակտիկան»,- հայտարարել է Անտոնովը։
Նա հիշեցրել է, որ ամերիկյան իշխանությունները նախատեսում են Ուկրաինա 800 մլն դոլարի չափով ռազմական օգնություն մատակարարել։

«Դա հսկայական թիվ է, այն դիվանագիտական լուծմանն ու իրավիճակի կարգավորմանը չի նպաստում»,- հայտարարել է Անտոնովը։

Ավելի վաղ քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտնել էր ԱՄՆ-ից Ուկրաինա համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման մասին։
Իսկ ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Կիևին 800 մլն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ հատկացնելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։