Քարտեզներ, անձնակազմի տվյալներ. ՀՀ զինծառայողն օտարերկրյա գործակալներին ինֆորմացիա է տվել

Զինծառայողը պատերազմի ժամանակ մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, հրթիռ արձակող զինտեխնիկան չի քողարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱԱԾ-ն հերթական դեպքն է բացահայտել, երբ ՀՀ զինծառայողը պետական դավաճանություն է կատարել` օտարերկրյա գործակալներին գումարի դիմաց տեղեկություններ հայտնելով։
Այսպես, պարզվել է, որ կոչումով սպա մի զինծառայող հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել ծածկանուն՝ պարտավորվելով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։
Զինծառայողը 1400 դոլարի դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը։
Նա նաև տրամադրել է զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ:
Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել։ Նա միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և ԱԹՍ-ի միջոցով խոցվել է այն։
Նույնը անձը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ և փողի դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ:
Պարզվել է նաև, որ զինծառայողը 8 000 դոլարի դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ԱԱԾ-ի կողմից:
2022 թվականի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է. նա տվել է խոստովանական ցուցմունքներ: