ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ-ում հաշվառված ընկերության տնօրեն Գ.Ն.-ն Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար ԱՀ էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիր կնքելու միջոցով 52 500 000 ՀՀ դրամ գումար է ստացել ու հափշտակել այն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության դատախազության մամուլի ծառայությունը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ.Ն.-ն պայմանագրով պարտավորվել էր թռչնաբուծարանի համար «Լոման Բրաուն» ցեղի հարյուր քսան օրական 15 000 թև հավ ձեռք բերել և թռչնաբուծարանի բնականոն գործունեություն ապահովել։ Սակայն խաբեության և ձևավորված վստահությունը չարաշահելու եղանակով ստացել ու հափշտակել է գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Դատախազություն ներկայացված դեպքի առթիվ 2022 թվականի ապրիլի 19-ին հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափով)։ Այժմ իրականացվում է հետաքննություն:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը: