Պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար 42 անձանց դեմ քրգործ է հարուցվել

ԱԱԾ
ՀՀ ներկա ու նախկին զինծառայողները գաղտնի տեղեկություններ են փոխանցել օտարերկրյա գործակալներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 42 անձանց նկատմամբ, որոնցից 24-ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ձեռք են բերվել տվյալներ, որ նախկին և ներկա մի խումբ զինծառայողներ օտարերկրյա հատուկ ծառայություններին պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ են փոխանցել։ Ընդ որում` զինծառայողներից ոմանք հստակ տեղեկություններ են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը սկսվելու կոնկրետ օրվա մասին և այդ ընթացքում ակտիվ կապի մեջ են եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Նրանք տեղեկություններ են հայտնել տարբեր զորամիավորումների, զինապահեստների, զինատեսակների, հրամանատարական կետի, շտաբի գտնվելու վայրերի, տարբեր մարտական դիրքերի կոորդինատների, սպառազինության, զորամասերի մարտական խնդիրների իրականացման տեսակների վերաբերյալ։ Զինծառայողները նաև տեղանքը պատկերող լուսանկարներ են տրամադրել գործակալներին՝ պարբերաբար տարբեր գումարներ ստանալով:
Այդ քայլերի միջոցով հակառակորդը կարողացել է ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ կատարել, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը։ Հակառակորդը պատերազմի հենց առաջին օրվանից հրթիռահրետանային միջոցներով և ԱԹՍ-ներով դիպուկ հարվածներ է հասցրել շտաբին, հրթիռահրետանային սպառազինության պահեստներին, ՀՕՊ առանձին համակարգին, ռազմական ու տնտեսական օբյեկտներին, որը հանգեցրել է մարդկային և սպառազինության մեծ քանակությամբ կորուստների:
Ապրիլի 15-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից 8 անձանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։