ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ընդդիմության «Դիմադրություն» շարժման անդամները, որոնք Կոմիտասի պողոտայից «Զարթնի՛ր, լաո» երթն էին սկսել, ավարտեցին այն Ազատության հրապարակում։
Մինչ այդ երթի մասնակիցները կարճ ժամանակով փակել էին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքին հարող Ֆրանսիայի հրապարակը։
Նշենք, որ Ազատության հրապարակում իշխանությունների հրաժարականի պահանջով անժամկետ ակցիա է անցկացնում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ներկաներին կոչ արեց ողջունել Վանեցյանի արարքը՝ ի նշան աջակցության և համերաշխության։ Պատգամավորը նաև ասաց, որ ընդդիմությունը գնալու է մինչև վերջ, մինչև գործող ղեկավարությունը հրաժարական տա։
«Սա սուրբ պայքար է, սա պայքար է հանուն Արցախի, հանուն հայոց պետականության։ Պայքարը նրա համար չէ, որ մեզանից մեկը լինի իշխանության ղեկին։ Այս պայքարը մեր ժողովրդի, ձեր ծնողների ու երեխաների ճակատագրի համար է»,- դիմելով ցուցարարներին` ասաց Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ ընդդիմությունն ունի մանրամասն հաշվարկված գործողությունների ծրագիր։ Եվ այս պլանն ի վերջո բերելու է երկրում իշխանափոխության։ Սաղաթելյանը հորդորեց ընդդիմության կողմնակիցներին գիշերը տուն գնալ։
Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկազմակերպվի վաղը` ապրիլի 26-ին։