ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի որոշ համատիրություններ աշխատելու հավես չունեն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` Երևանի բազմաբնակարան շենքերի տանիքներում արևային համակարգերի տեղադրման աշխատանքների ամփոփման ընթացքում։
Բանն այն է, որ համակարգերի տեղադրման ու գործարկման համար անհրաժեշտ է, որ շենքում ինտերնետը հասանելի լինի։ Իսկ դա պետք է ապահովի համատիրությունը։ Բայց պարզվեց` չի անում։ Հանձնարարականից անցել է 1 ամիս, գործը առաջ չի գնացել։ Խոսքը մասնավորապես Կենտրոն ու Դավիթաշեն համայնքների որոշ համատիրությունների մասին է։
Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը վստահեցրեց, որ համատիրությունների ղեկավարների հետ խնդիրներ չունեն։
«Հանձնարարել ենք, սպասում ենք պատասխանի»,– ասաց նա։
Քաղաքապետն էլ հիշեցրեց, որ այդ աշխատանքները նախատեսված էր ավարտել դեռ մարտի 30-ին, իսկ այսօր արդեն ապրիլի 25-ն է։
«Պիտի գնան օպերատորի մոտ պայմանագիր կնքեն։ Դա երևի 10-15 րոպեի գործ է։ Դժվա՞ր է։ Կարող եմ մեքենաս ուղարկեմ, տանեն, հետ բերեն։ Մի ամիս է՝ խոսում ենք սրա մասին։ Համատիրությունները չե՞ն ուզում գնան պայմանագիրը ստորագրեն։ Հավես չունե՞ն գնան»,– զայրացավ քաղաքապետը` հրահանգելով արագացնել աշխատանքները։
Խորհրդակցության ժամանակ հայտնի դարձավ, որ Կենտրոնում ինտերնետով ապահովված չեն ծրագրում ներառված 3,Դավիթաշենում` 18 բազմաբնակարան շենքեր։