ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրվա առիթով Երևանի Կասկադ կոչվող տարածքում համերգ կկազմակերպվի։ Այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նույն օրը Հայաստանում նախատեսվում է նաև համապետական շաբաթօրյակ անցկացնել։
«Կարծում եմ, ամսի 30-ին` համապետական շաբաթօրյակից հետո կարող ենք վայելել այդ միջոցառումը «Կասկադ» համալիրում»,– ասաց Հրաչյա Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որոշմամբ, 2022 թվականի ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Որոշումը հիմնավորվել է երկարատև ձմեռային եղանակային պայմաններից ու ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությունը վերացնելու անհրաժեշտությամբ։
Որոշման համաձայն, նախատեսվում է աղբից մաքրել ՀՀ բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու հարակից տարածքները, նաև` սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքները, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների, ջրային համակարգերի տարածքները, կանաչ գոտիները` պուրակներն ու զբոսայգիները: