ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Պաշտպանական արդյունաբերությամբ զբաղվող գերմանական Rheinmetall կոնցեռնը դիմել է երկրի կառավարությանը՝ Ուկրաինային Leopard 1A5 տեսակի 88 տանկ մատակարարելու թույլտվության համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Համապատասխան դիմումը Գերմանիայի կառավարությունը ստացել է նախորդ շաբաթվա վերջին։ Leopard 1A5 տեսակի օգտագործված տանկերի արժեքը կազմում է մոտ 115 մլն եվրո։ Տանկերի մատակարարման առաջարկը Կիևը ստացել է ապրիլի 14-ին, կոնցեռնը պատրաստ է առաջին մատակարարումները կատարել «մի քանի շաբաթվա ընթացքում», հավելյալ 22 տանկերը՝ վեցից ութ շաբաթվա ընթացքում, իսկ մնացած 66-ը` աստիճանաբար, մինչև 2023 թվականի վերջ։
Առաջարկվում է Ուկրաինային մատակարարել նաև 3,5 հազար միավոր զինամթերք, ինչպես նաև Գերմանիայում վերապատրաստել 32 ուկրաինացի զինվորականների։
Ավելի վաղ Rheinmetall կոնցեռնը պաշտոնական դիմում է ուղարկել Գերմանիայի կառավարություն՝ հավանություն տալու Ուկրաինային վաճառել 100 Marder տիպի հետևակի մարտական մեքենաներ՝ ուղեկցվող 1,5 միլիոն փամփուշտներով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։