Նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի վերընտրվելուց հետո Ֆրանսիան ակտիվորեն կշարունակի միջնորդական առաքելությունը Եվրամիության ձևաչափի շրջանակում և չի նախաձեռնի երրորդ ձևաչափ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
«Ֆրանսիան ակտիվորեն ներգրավված է Եվրամիության ձևաչափով ընթացող միջնորդական ջանքերում։ Դրա ապացույցն էր Մակրոն–Փաշինյան–Ալիև հանդիպումը, որից հետո Ֆրանսիայի նախագահը փետրվարի 4-ին մասնակցեց Շառլ Միշել–Փաշինյան–Ալիև հեռախոսազրույցին։
Նա նշեց, որ Ֆրանսիան ակտիվորեն ներգրավված է եղել նաև Բրյուսելում ապրիլի 6-ին կայացած հանդիպման նախապատրաստական աշխատանքներին և հիմա հայտնի է նաև, որ Եվրամիության, այդ թվում Ֆրանսիայի ցանկությունն է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կնքվի խաղաղության պայմանագիր»,– ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ապա Պողոսյանն ընդգծեց, որ կառույց` որպես այդպիսին, փաստացի չկա, գործող համանախագահներն այս պահին կողմերի հետ աշխատում են առանձին, թեև ներկայացուցիչների կարգավիճակը որոշ չափով փոխվել է։ Ռուս համանախագահն արդեն ընտրվել է որպես ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Հայաստան–Ադրբեջան բանակցությունների գծով և այդ կարգավիճակով այսօր ժամանել է Բաքու, իսկ ամերիկյան համանախագահին տեղի լրատվամիջոցներն արդեն ներկայացնում են որպես կովկասյան հարցերով հատուկ բանագնաց, որը նույնպես այցելել էր Բաքու։
«Ֆրանսիան արցախյան հարցի կարգավորման գործընթացում այժմ ներգրավված է ոչ այնքան ԵԱՀԿ Մինսկի խմբի, որքան Եվրամիություն–Հայաստան–Ադրբեջան ձևաչափում, և դժվար թե լինի երրորդ ձևաչափ Ֆրանսիա–Հայաստան–Ադրբեջան տարբերակով, քանզի կա արդեն երկու ձևաչափ, որոնցում քննարկվում են նույն հարցերը սահմանազատման ու սահմանագծման գործընթացի, կոմունիկացիաների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ»,– ասաց քաղաքագետը։
Պողոսյանի կարծիքով` արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում ռուս–ֆրանսիական համատեղ նախաձեռնությունների իրականացումը նրա խոսքով, քիչ հավանական է, թեև տեղեկությունների փոխանակում անպայման կլինի։ Ըստ նրա` ՌԴ–ի ու Եվրամիության միջև կան սուր հակասություններ, սակայն այդ հանգամանքի պարագայում ևս կապերը պահպանվում են և զրույցների ընթացքում քննարկվում է նաև արցախյան հիմնախնդիրը, հետևաբար Մակրոնն, ըստ քաղաքագետի, կփորձի ամեն ինչ անել, որպեսզի ԵՄ–ՌԴ հարաբերությունները չզրոյանան երկարաժամկետ հեռանկարում, որովհետև ԵՄ–ում գիտակցում են, որ ուկրաինական ճգնաժամից տուժում է հենց Եվրոպան։
Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել են 12 թեկնածու, տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Երկրորդ փուլ էին անցել Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։
Մակրոնն ապրիլի 24-ին անցկացված նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով ստացել է 18 779 809 (58,6 %), Լը Պենը՝ 13 297 728 ձայն (41,4 %)։
Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեին մոտ 49 մլն քաղաքացիներ։
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարով։