Էմանուել Մակրոն. ուզո՞ւմ եք իմ թանկ կոստյումից ունենալ՝ աշխատե′ք

Էմանուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Մոտ 5-6 տարի առաջ համանման գործընթացներ տեղի ունեցան Ֆրանսիայում և Հայաստանում։
Sputnik
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչները, գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ ընտրողը վաղուց ձանձրացել է հին դեմքերից, որոշեցին նոր քաղաքական ուժ ստեղծել։ Երկու երկրներում էլ այս մարտավարությունը պսակվեց կատարյալ հաջողությամբ՝ Էմանուել Մակրոնը 2017 թվականի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում ստացավ ձայների երկու-երրորդը, իսկ թե մի տարի անց՝ 2018-ի խորհրդարանական ընտրություններում, ինչպիսի շռնդալից հաղթանակ տարավ Հայաստանի ներկա վարչապետի ձևավորած նոր կուսակցությունը, երևի հիշեցնելու կարիք չկա։
Ուղղակի այս ամենի արդյունքը երկու երկրներում տրամագծորեն տարբեր էր։
Անցած տարիներին հայկական ուժերը աննախադեպ պարտություն կրեցին պատերազմում, ադրբեջանցիները գրավեցին ոչ միայն Արցախի մի մասը և Շուշի քաղաքը, այլև մտան բուն Հայաստան և սկսեցին ամրացնել իրենց դիրքերը մեր ինքնիշխան տարածքում, հակառակորդ պետության ղեկավարն էլ ոչ մի առիթ բաց չի թողնում ևս մեկ անգամ վիրավորելու, նվաստացնելու և սպառնալու հայերին, իսկ Երևանից շատ հաճախ բացարձակ որևէ արձագանք չի լսվում։ Էլ չեմ ասում, որ օրեցօր աճում են պետական պարտքը և սննդամթերքի գները, մինչդեռ մարդկանց աշխատավարձն ու կենսաթոշակը գրեթե տեղից չեն շարժվում։
Բոլորովին այլ է իրավիճակը Ֆրանսիայում, որի ղեկավարը, մանավանդ Անգելա Մերկելի հեռանալուց հետո, դարձել է եվրոպացիների միասնության խորհրդանիշ, հիմա էլ փաստորեն ամենաակտիվ բանագնացն ու միջնորդն է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև, որոնց հետ հանդիպում կամ հեռախոսազրույցներ է ունենում ամսական մի քանի անգամ։ Այս ամենով հանդերձ, կա նաև հայաստանցի ու ֆրանսիացի ընտրողների վարքագծում մի տարօրինակ նմանություն։ Հայաստանցիները, կարծես թե, խիստ դժգոհ են իրենց ղեկավարից, բայց գնում և ընտրում են հենց նրան։ Ֆրանսիացիները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում նախագահի քաղաքականության դեմ, բայց նույնպես գնում և ընտրում են նրան։
Հիմա՝ վերընտրվելուց հետո, Էմանուել Մակրոնը այլևս ընտրողներին սիրաշահելու կարիք չունի այն պարզ պատճառով, որ կրկին վերընտրվելու խնդիր չունի։ Բայց ճիշտն ասած, նա առաջ էլ առանձնապես չէր սիրաշահում ընտրողներին։
Էսպիսի դրվագ պատմեմ։ Տարիներ առաջ նա համալսարաններից մեկում հանդիպում էր ուսանողների հետ, իսկ դրսում այդ նույն ժամանակ դժգոհ ֆրանսիացիների բազմություն էր հավաքվել։ Էմանուել Մակրոնը դուրս եկավ լսարանից և մոտեցավ ցուցարարներին, որոնցից մեկը բղավեց. «Թանկ կոստյում եք հագել, բա ես ինչո՞ւ ինձ չեմ կարողանում թույլ տալ այդ ձեր կոստյումից ունենալ»։ Մակրոնի պատասխանը բավական կոշտ էր. «Չգիտեմ՝ ինչու չունեք։ Աշխատե′ք, փող կուտակե′ք և գնե′ք իմ կոստյումից, ձեզ ոչ ոք չի խանգարում»։
Հետաքրքիր է, որ ներգաղթյալների հարցում էլ Մակրոնի դիրքորոշումը ամենևին ամբոխահաճո չես անվանի։ Գաղտնիք չէ, որ նրա մրցակիցներից և ընդդիմախոսներից շատերը հանդես են գալիս ներգաղթը խստորեն սահմանփակելու օգտին, ինչն արժանանում է հանրության մի զգալի մասի հավանությանը։ Այնինչ, Մակրոնն ասում է. «Ներգաղթյալները պետք են Ֆրանսիային, և նրանց մուտքն արգելելու փոխարեն մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ մարդիկ ինտեգրվեն մեր հասարակության մեջ»։
Մակրոնը չի վախենում նաև Ֆրանսիայի հզոր եվրոպական հարևաններին բավական կոշտ գնահատականի արժանացնելուց։ Երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ Եվրամիությունից, Մակրոնը հրապարակավ կարծիք հայտնեց, թե դրանով անգլիացիները դառնում են ամերիկացիների վասալը և կոչ արեց բրիտանացի հայտնի գիտնականներին ու մասնագետներին տեղափոխվել Ֆրանսիա՝ խոստանալով բոլոր պայմանները ստեղծել նրանց արդյունավետ գործունեության համար։
34-տոկոսանոց ժողովրդավարություն. սա՞ է մեր բրենդը
Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ քննադատելով բրիտանացիներին Եվրամիությունից դուրս գալու համար՝ ինքը՝ Մակրոնը, դեռ առաջին անգամ նախագահ ընտրվելուց հետո խստորեն քննադատել է եվրոպական այդ կառույցը՝ անվանելով այն դանդաղաշարժ և անարդյունավետ։ Իրականում, էստեղ հակասություն չկա. բրիտանացիներն ասում են՝ ի՞նչ գործ ունենք մենք մի կազմակերպության հետ, որը բոլորովին չի համապատասխանում մեր պատկերացումներին, իսկ Մակրոնը հակադարձում է՝ այո′, ամենևին էլ կատարյալ կառույց չի, բայց եկեք փորձենք կատարյալ դարձնել և ստեղծենք համաեվրոպական բանակ, ընդհանուր պաշտպանական բյուջե, ավելին՝ հիմնենք հետախուզության Եվրոպական ակադեմիա։ Հենց դրանով էլ նվազագույնի կհասցնենք ամերիկացիների ազդեցությունը։
Իսկ մեզ՝ հայերիս, երևի պիտի հուսադրեն Էմանուել Մակրոնի այս խոսքերը. «Մենք երբեք մենակ չենք թողնի հայերին։ Մենք միշտ կշարունակենք ելքեր փնտրել՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար»։