Դանակահարություն Քաջարանի եղբայրական գերեզմանոցում. տուժողը 62-ամյա տղամարդ է

Քաջարան. Արխիվային լուսանկար
Ոստիկանություն է բերման ենթարկվել 35-ամյա մի երիտասարդ, որը խոստովանական բացատրություն է տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի եղբայրական գերեզմանոցում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի վերաբերյալ ահազանգը բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին եղել է ապրիլի 25-ին, ժամը 00.15-ին։ Հիվանդանոցից նշել են, որ իրենց մոտ է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ 62-ամյա տղամարդ:
Հիվանդանոց մեկնած Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի եղբայրական գերեզմանոցում ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է եղբոր փեսան:
35-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: