Բերման ենթարկվածների մեջ վնասվածք ստացածներ կան, շտապօգնություն են կանչել. Մամիջանյան

ՔՊ–ի գրասենյակի առջև բողոքի ակցիա անողներն այժմ ոստիկանության` կենտրոնի բաժանմունքի առջև են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՔՊ–ի շենքի առջև բողոքի ակցիա անող 11 քաղաքացի է բերվել ոստիկանության կենտրոնի բաժանմունք։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից։
Հայտնել էինք, որ ՔՊ–ի գրասենյակի առջև բողոքի ակցիա է ընթանում` տեղում հավաքթվածները վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան», սակայն ոստիկանները պատ էին կազմել` թույլ չտալով մարդկանց փողոցն անցնել և մոտենալ ՔՊ–ի շենքին։
Այժմ բողոքի ակցիա անողները ոստիկանության բաժանմունքի առջև են և սպասում են իրենց ընկերներին։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկվածներից առնվազն 3-ը մարմնական վնասվածքներ ունեն։
«Սպասում ենք, որ շտապօգնությունը հասնի, քանի որ վնասվածքներ են ստացել բրդբրդոցից, ուժ կիրառելուց և այլն։ Փաստաբանն արդեն իսկ ներսում է»,–ասաց Մամիջանյանը։
Նա հավելեց` ոչ ոք այդտեղից չի հեռանալու մինչև բոլոր բերման ենթարկվածներն ազատ չարձակվեն։
Հավելենք, որ շտապօգնության մեքենան արդեն մոտեցել է։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ