Արտաքին առևտուրն աճել է, արտահանումը` նվազել. Քերոբյանը նոր ցուցանիշներ է ներկայացրել

Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ մարտին նվազած արտահանման ծավալները շատ արագ վերականգնվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022թ. առաջին եռամսյակի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Հրապարակված վերլուծության համաձայն` տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ–ի հունվար–մարտ ժամանակահատվածում աճել է 9.6%–ով, իսկ 2021թ–ի մարտ ամսվա համեմատ, այս տարվա մարտի դրությամբ, 6.7%–ով։
Ընթացիկ տարվա եռամսյա գնաճը կազմել է 7.8%։
Արդյունաբերության աճը կազմել է 3.1, շինարարության աճը` 6.2, առևտրինը` 7.6%։ Տնտեսության ճյուղերից ամենամեծ աճը գրանցել է ծառայությունների ոլորտը` 22.2%–անոց աճ։ Իսկ գյուղատնտեսությունը, հակառակը, 5.4% անկում է ապրել։
Բելառուսը պատրաստ է օգնել Հայաստանին՝ վերականգնել միկրոէլեկտրոնիկան. Մինսկի առաջարկը
Բավական մեծ աճ է գրանցվել նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում` կազմելով 38.5%։ Ընդ որում` հիմնականում ներմուծման հաշվին։ 2022թ–ի առաջին եռամսյակում ներմուծման ծավալն աճել է 45.6%–ով, իսկ արտահանման ծավալը` 26.9–ով։
Նշենք, որ անցյալ տարվա մարտի համեմատ այս տարվա մարտին արտահանման աճը կազմել է 4%, ներմուծմանը` 22.5։
Ի դեպ, այս ցուցանիշներին անդրադարձել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մարտին բավականին ընկավ արտահանումը` ընդամենը 4% աճ արձանագրվեց, սակայն շատ արագ վերականգնվեց»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Թե որքանով է այն վերականգնվել, Քերոբյանը չի մանրամասնում։ Իսկ ապրիլի ընթացիկ վիճակագրությունը դեռ չի հրապարակվել։