Անընդհատ տատիկի անունն է տալիս, մեկ-մեկ էլ լացում է. ինչ վիճակում է Դեբեդից փրկված աղջնակը

Դեբեդ գետից փրկված աղջկա վիճակի մասին Sputnik Արմենիային մանրամասներ է հայտնել Ալավերդու ԲԿ-ի տնօրենը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Դեբեդ գետն ընկած 3-ամյա աղջնակին «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղափոխել են Վանաձորի ԲԿ, բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը։
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ապրիլի 25-ին՝ ժամը 17:36-ին, ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։ Դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարների ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այնուհետև shamshyan.com-ը գրեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչը փրկել է աղջկա կյանքը, բժիշկները հավաստիացրել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

«Ներկա պահին 3-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է ։ Տեղափոխել ենք Վանաձորի ԲԿ, որպեսզի համակարգչային հետազոտություն իրականացնեն։ Երեխան եկել է գիտակցության, բոլոր խոսակցություններին արձագանքում է, հարցերին պատասխանում, անընդհատ տատիկի անունն է տալիս, մեկ-մեկ էլ լացում է»,- ասաց Մոսինյանը։

Նրա խոսքով`Երևանից բժիշկների խումբն արդեն ճանապարհին է, նրանք երեխային կտեղափոխեն Երևանի մասնագիտացված կենտրոններից մեկը։

«Երևանում երեխան ավելի անվտանգ կլինի։ Բժիշկներն ասում են` լավ է լինելու»,- ասաց նա։

Հավելենք, որ երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս, Ալավերդի քաղաքի 32-ամյա բնակիչ Ժիրայր Պողոսյանը նկատել է, որ գետը երեխային բերել և դեմ է տվել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը մտել է գետն ու երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն։