ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
«Այս տարի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։ Այսօր՝ ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության»,- ասված է Քոչարյանի ուղերձում։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը երեկ մեկնարկեց Երևանի Հանրապետության հրապարակից: Երթին մասնակցում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։