Ստամբուլում արգելել են Ապրիլի 24-ի հիշատակի արարողությունները

Ստամբուլ
Հիշատակի երթի կազմակերպիչները նահանգապետի վարչակազմին հորդորում են վերանայել արգելքի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ստամբուլի նահանգապետարանն այս տարի արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները, մասնավորապես` 2010թ–ից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվող ոգեկոչման երթը՝ ի հիշատակ 1915 թվականին ու դրանից հետո զոհված հայերի։
Սա է այն Թուրքիան, որի հետ ուզում են բարեկամանալ. թուրքագետը` Չավուշօղլուի պահվածքի մասին
Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը` հիշեցնելով, որ հավաքն արդեն 3-րդ անգամ է արգելվում։ Նախորդ երկու տարիներին` 2020 և 2021թթ–ին արգելվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Հիշատակի երթի կազմակերպիչները դիմել են Ստամբուլի նահանգապետարան՝ երթն արտոնելու խնդրանքով, որտեղից իրենց պատասխանել են, թե այն տեղին չէ։
«Ստամբուլի նահանգապետին ուզում ենք հարցնել՝ ի՞նչ է փոխվել։ Ինչո՞ւ է այս տարի արգելվել 2010-2019թթ–ին տեղի ունեցած հիշատակի միջոցառումը»,– ասված է ակցիայի կազմակերպիչ «Հիշողության հարթակի»` այս առիթով տարածած հաղորդագրության մեջ։
Կազմակերպիչները նահանգապետի վարչակազմին հորդորում են վերանայել արգելքի որոշումը։