Պավլոգրադի շրջանում պայթուցիկների արտադրամասեր են ոչնչացվել. ՌԴ ՊՆ-ի ամփոփագիրը

Իգոր Կոնաշենկով
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ՌԴ զինվորականները Ուկրաինայի ԶՈւ–ի համար նախատեսված պայթուցիկ նյութերի և վառոդի արտադրամասեր են ոչնչացրել։

«Պավլոգրադի շրջանում ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ուկրաինական ԶՈւ–ի համար նախատեսված պայթուցիկ նյութերի և վառոդի արտադրամասեր են ոչնչացվել»,– ասել է Կոնաշենկովը։

Գեներալ–մայորի խոսքով` ռուսական հրթիռային զորքերն անցած գիշերվա ընթացքում 423 կրակային առաջադրանք են կատարել։ Հարվածների հետևանքով ոչնչացվել են կառավարման 26 կետ, 367 հենակետ և կենդանի ուժի ու ռազմատեխնիկայի կենտրոնացման վայրեր, ինչպես նաև հրետանային մարտկոցների 25 դիրք։ Գուսարովկա և Վելիկայա Կամիշևկա շրջաններում հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի 4 պահեստ է ոչնչացվել։
Բացի այդ, ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան Ուկրաինայի 26 ռազմական օբյեկտ է խոցել։ Այդ թվում ոչնչացվել է գումարտակի հրամանատարական դիտակետը, ինչպես նաև կենդանի ուժի և ուկրաինական ռազմատեխնիկայի կենտրոնացման 25 շրջան։
«Սպանվել են շուրջ 150 ազգայնականներ, ոչնչացվել է մինչև 40 միավոր զրահատեխնիկա և ավտոմեքենա»,– ասել է Կոնաշենկովը։
Գեներալ–մայորը հայտնել է նաև, որ ՌԴ ՀՕՊ ուժերը 10 անօդաչու են խոցել։
«Ռուսական ՀՕՊ միջոցներով Բարվինոյե, Վասիլևկա, Կրասնոգորովկա, Կրեմեննայա, Նովի Պերվոմայսկ, Պոլտավկա, Տոմարինո, Ֆյոդորովկա, Յասինովատոյե բնակավայրերի շրջանում ուկրաինական 10 ԱԹՍ է ոչնչացվել»,– մանրամասնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 60-րդ օրը։
Կիևը մի շարք լուրջ սադրանքներ է պատրաստում ՌԴ զինվորներին վարկաբեկելու համար. մանրամասներ