ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արցախի ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ արձանագրում է, որ Թուրքիայում պետական մակարդակով իրականացված 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիան իրականացրեց նաև հույների, ասորիների, եզդիների, քրդերի ցեղասպանություններ և բռնի տեղահանություններ։
«Միջազգային հանրության ոչ պատշաճ և ուշացած գնահատականներն, ըստ էության, նոր ոճիրներ իրականացնելու քարտ-բլանշ դարձան ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ուրիշ պետությունների համար։ Դրանից օգտվեցին նացիստները, բռնապետական և ազգայնամոլական ռեժիմները՝ իրականացնելով նորանոր ցեղասպանություններ, կոտորածներ և բռնություններ»,– արձանագրում է Արցախի ԱԳՆ–ը` միաժամանակ նշելով, որ Թուրքիան ու Ադրբեջանն առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։
«1988 թվականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է ցեղասպան քաղաքականության դրսևորումների․հայ ազգաբնակչության ջարդերը և զանգվածային սպանությունները Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, 2016 և 2020 թթ․ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մարդատյացության վառ օրինակներ են»,– նշված է ուղերձում։
Արցախի ԱԳՆ–ի գնահատմամբ` Մեծ եղեռնը ոչ միայն չսպիացող վերք է, այլև քաղաքական, իրավական և բարոյական խարան` միջազգային հանրության վրա, որը կարելի է ջնջել միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման միջոցով։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ–ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։