Մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը Ծիծեռնակաբերդում
ԱԺ նախագահը նշում է` հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ցավոք, Ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

«Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլականի: Ամեն տարի մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակը խնկարկումով և աղոթքներով: Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է»,- ասել է Սիմոնյանը։

Նա շնորհակալություն է հայտնել մարդկության առաջադեմ հատվածին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: Սիմոնյանը վստահեցրել է` ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, ուստի շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։