Մակրոնն առաջատարն Է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում. նախնական արդյունքներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ (8 փետրվարի, 2022թ). Մոսկվա. Արխիվային լուսանկար
Ընդդիմության առաջնորդն արդեն ընդունել է պարտությունը, սակայն խոստացել է շարունակել կատարել իր պարտավորությունները ֆրանսիացիների հանդեպ ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջատարն է նախագահի ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլի նախնական արդյունքներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFMTV հեռուստաալիքին:
Ըստ նախնական տվյալների` Մակրոնը հավաքել է ձայների 57,6 տոկոսը, իսկ «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 42,4 տոկոսը:

Ընդդիմության առաջնորդն արդեն ընդունել է պարտությունը, սակայն խոստացել է շարունակել կատարել իր պարտավորությունները ֆրանսիացիների հանդեպ։ Մասնավորապես, Լը Պենը հայտարարել է, որ իր կուսակցությունը մեծ պայքար է սկսելու խորհրդարանական ընտրությունների համար։

Քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին):
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարով։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեին մոտ 49 մլն քաղաքացիներ։ Նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, որին մասնակցել են 12 թեկնածուներ։ Երկրորդ փուլ են անցել Մակրոնն ու Լը Պենը։
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի նախագահը քվեարկության արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարի ապրիլի 27-ին ։