ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագիծը հետ է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնում է ntv.com-ը։
Ավելի վաղ հայտնել էինք` Փայլանի առաջարկած օրենքի նախագծում, բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից, նշվում էր, որ պետք է Ցեղասպանության պատասխանատու անձանց անունները հասարակական վայրերում փոխարինվեն այն մարդկանց անուններով, որոնք մերժում են Ցեղասպանությունը, պետք է Ցեղասպանությունից տուժածներին ու նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհվի։
Այսպես` Թուրքիայի մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հետ է ուղարկել Փայլանի նախագիծը` հիմնավորելով, որ այն հակասում է ներքին ընթացակարգի դրույթներին։
«Այդպիսի օրինագծի առաջարկին կարող են աջակցել ոչ թե Թուրքիայի ներսում, այլ Թուրքիայից դուրս: Մեջլիսում երբեք թույլ չենք տա զրպարտել մեր ժողովրդին և պատմությանը»,– Շենթոփի խոսքը մեջբերում է haberturk.com-ը։
Հիշեցնենք` Փայլանն ասել էր, որ 1915թ․ Թուրքիայում սկսված ցեղասպանությունն այսօր էլ է շարունակվում, որովհետև 107 տարի է` արդարությունը չի վերականգնվել։ Ուստի Թուրքիայի մեջլիսը պետք է պատասխանատվություն ստանձնի այս հարցում, հայ ժողովրդի դեմ իրագործված մեծ ոճրագործությանն իր իրական անունը պետք է տրվի, իսկ այդ մեծագույն մեղքը պետք է ճանաչվի Թուրքիայի մեջլիսի կողմից։