Շատ հատկանշական է, որ հենց այս տարի է ջահերով երթի ժամանակ մարդկանց աննախադեպ մասնակցություն գրանցվել, ինչն էլ ուղիղ պատասխանն էր իշխանության կողմից վարվող պարտվողական, զիջումային քաղաքականությանը։ Երեկ կայացած երթի բազմամարդ լինելը Sputnik Արմենիայի եթերում այսպես է մեկնաբանում ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Ընդգծում է` ՀՀ քաղաքացիներն ավանդական ջահերով երթն ըստ էության վերածեցին հստակ պահանջատիրության երթի` ասելով, որ դա է հայ ժողովրդի կամքը։
Ըստ նրա` հանրության մեսիջն անպայման հասնելու է տեղ, և սա դեռ սկիզբն է։
«Ջահերով երթն արդեն վաղուց սգո երթ չէ։ ՀՅԴ երիտասարդական միությունը 23 տարի շարունակ կազմակերպում է ջահերով երթ, որն իր մեջ պարունակում է շատ հստակ պահանջատիրական բաղադրիչ։ Այն իհարկե Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց զատ նաև իրավունքների պաշտպանության երթ է ու նաև քաղաքական մեսիջներ անելու միջոցառում, որոնք ուղղված են ամբողջ աշխարհին», –ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` շատ կարևոր էր միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ ժողովուրդը երբեք ու երբևէ ծնկի չի գալու։ Սաղաթելյանը հիշեցրեց, որ արդեն իսկ հանդես է եկել հստակ ուղերձով ու նշել, որ ապրիլի 25-ին ընդդիմության հետագա քայլերի մասին հանդես կգան հայտարարությամբ։
Հիշեցնենք` ապրիլի 23–ին Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի երթը սկսվեց ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակից։
Այս անգամ սովորականից երկար էր նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող երթուղին, իսկ մասնակիցների թիվը` աննախադեպ շատ։