ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայում այսօր անցկացվում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։
Ընտրատարածքները բացվել են Երևանի ժամանակով ժամը 10:00-ին։ Պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրավունքի համար պայքարում են Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը։
Ֆրանսիայի համայնքների մեծ մասում ընտրատեղամասերը բաց կլինեն Երևանի ժամանակով մինչև 21:00-ն, իսկ մայրաքաղաքում և մյուս խոշոր քաղաքներում` մինչև 22:00-ն։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով՝ համընդհանուր ուղիղ, գաղտնի քվեարկությամբ։ Ընտրություններին կարող են մասնակցել մոտ 49 մլն ընտրողներ։
Ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 10-ին, մասնակցել է 12 թեկնածու։