ԵՄ երկրները ռուսական գազի լիարժեք էմբարգոյի դեպքում լուրջ ճգնաժամի կբախվեն. ԵՀ

ԵՄ–ն այժմ աշխատում է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա։ Սակայն նախքան սահմանափակումներ կիրառելը Եվրահանձնաժողովը կստուգի այդ միջոցներին գնալու անդամ երկրների պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռուսական գազի ներմուծման լիարժեք արգելքը ԵՄ որոշ երկրներում կարող է էներգետիկ լուրջ ճգնաժամի հանգեցնել։ Այս մասին հայտարարել է արժեքների և թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան։
Ըստ նրա` ԵՄ–ն այժմ աշխատում է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա։ Սակայն նա հավելել է, որ նախքան սահմանափակումներ կիրառելը Եվրահանձնաժողովը կստուգի` այդ միջոցներին գնալու անդամ երկրների պատրաստակամությունը։
«Իրավիճակը, հատկապես գազի դեպքում, հեշտ չէ։ Գազի լիարժեք էմբարգոն կարող է մի շարք երկրներում էներգետիկ լուրջ ճգնաժամ առաջացնել», – Neue Zürcher Zeitung. շվեյցարական թերթին ասել է Յուրովան։
Ինչպես նշել է ԵՀ–ի ներկայացուցիչը, Եվրոպան պետք է «հնարավորինս արագ» դադարեցնի կախվածությունը ռուսական էներգակիրներից և լրջորեն զբաղվի նավթի ու գազի ներմուծումը կանգնեցնելով։
«Ցավալի է, որ անցյալում մենք այդքան կախված ենք եղել Ռուսաստանից», – հայտարարել է քաղաքական գործիչը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՌԴ–ի վրա ճնշում գործադրելու առումով «կարելի էր ավելին անել»։
ԵՄ–ն գրեթե ամբողջովին կախված է գազի արտաքին գնումներից։ Ավելի վաղ ԵՀ–ն հայտնում էր, որ 2021 թվականին Ռուսաստանը ԵՄ-ի երկրների հիմնական մատակարարն էր` ապահովելով ԵՄ կապույտ վառելիքի ներմուծման շուրջ 45%–ը։ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասում էր, որ մայիսի կեսերին ԵՀ–ն նախատեսում է ծրագիր ներկայացնել, թե ինչպես կարելի է մինչև 2027 թվականը վերացնել ԵՄ–ի կախվածությունը ռուսական գազից, նավթից ու ածուխից։