Ապրի՛ր և հիշի՛ր

Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին
Sputnik
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջ Մոսկվայում ցուցանակներ են տեղադրված, որոնք հիշեցնում են մարդկության դեմ իրագործված հանցագործության մասին։ Իսկ հեռավոր 1965–ին Երևանում նշում էին ջարդերի 50-րդ տարելիցը։ Մարդիկ փողոց էին դուրս եկել և պահանջում էին ապրիլի 24-ը գրանցել պաշտոնապես նշվող ամսաթվերի օրացույցում։ Թե ինչ ստացվեց դրանից, պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Խորհրդային տարիներին մի այսպիսի կարգ կար` եթե դեպքերը տհաճ անակնկալներ էին խոստանում, պատասխանատու աշխատակիցներին ուղարկում էին հանրապետության քաղաքներ և շրջանային կենտրոններ, որպեսզի ձեռքը «զարկերակին պահեն» և ավելորդ բաներ թույլ չտան։
Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի օրը՝ 1965թ․-ի ապրիլի 24-ը, որոշակի անհանգստություն էր առաջացնում, և իշխանությունները քայլեր ձեռնարկեցին։
Այն ժամանակ ես Հայաստանի պարտիական-պետական վերահսկողության կոմիտեի երիտասարդ, բայց բնավ ոչ պատասխանատու աշխատակից էի։ Ինքս գնալու ցանկություն հայտնեցի, իմ պոռթկումը գնահատեցին և հրահանգեցին մեկնել Կոմիտեի կազմակերպչական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Մամեդովի հետ, որը, ինչպես դժվար չէ կռահել, հարյուր տոկոսով ադրբեջանցի էր։ Այն, ինչ մեր օրերում անհնար է թվում, այն ժամանակ բնական բան էր։
Հասանք Հոկտեմբերյան։ Ապրիլի 24-ը շաբաթ էր՝ ոչ աշխատանքային օր բոլոր նրանց համար, ովքեր զբաղված չէին դաշտում գարնանային աշխատանքներով։ Շրջկենտրոնում խաղաղ էր, որևէ շարժում, առավել ևս՝ չարտոնագրված, չէր նկատվում։ Հոկտեմբերյանում Մամեդովի ներկայությունից քիչ օգուտ կար, իմ ներկայությունից՝ առավել ևս, պարապությունից զանգեցի Երևան։ Պարզվեց՝ փողոցները մարդաշատ են, ամենայն հավանականությամբ ինչ-որ բան է նախապատրաստվում։ Կեսօրին արդեն քաղաքում էի։
Ժողովուրդն իսկապես շատ էր։ Ժողովուրդն իսկապես տրտնջում էր։ Միլիցիան չէր խանգարում, որ ժողովուրդը շարժվի դեպի Թատերական հրապարակ (այն ժամանակ «Ազատության» չէր), բայց շարասյուների մեջ լարվածություն էր զգացվում։ Ցուցանակներն այնքան էլ շատ չէին, բայց եղածներն արտահայտում էին երկու գլխավոր թեմաներն ու խնդիրները` պաշտոնապես դատապարտել Ցեղասպանությունը կազմակերպողներին և գրավված հողերը վերադարձնել հայերին։
Ես, ինչպես և երևանցիներից շատերը, այն ժամանակ չգիտեի, որ դրանից մեկ տարի առաջ՝ 1964թ․-ին, ԽՄԿԿ Կենտկոմ նամակ էր ուղարկվել մշակույթի, արվեստի, գիտության 13 գործիչների ստորագրությամբ, որից հետո Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը զրույցի էր հրավիրել նրանց։ Ոչ թե հայհոյելու կամ սպառնալու, այլ խնդրելու համար, որ օգնեն իրեն արդարության հասնել։ Այդպես էլ էր լինում։
Այնուհետև երկրորդ նամակը թռավ Մոսկվա, այս անգամ՝ հայ մտավորականության 50 ներկայացուցիչների ստորագրությամբ (այն ժամանակ նրանք շատ էին), ինչից հետո Զարոբյանին կանչեցին Մոսկվա։ Բրեժնևն ու Քաղբյուրոյի անդամները նրանից իմացան այն, ինչ մասին գաղափար չունեին, և թույլատրեցին հատուկ նիստ անցկացնել։
Ավելին` 1965թ․-ի ապրիլի 24-ին երկրի գլխավոր թերթը հոդված հրապարակեց Ցեղասպանության մասին, և Հայաստանում բոլորը կարդացին այդ հրապարակումը։ Խորհրդային Միության մյուս երկրներում ոչ ոք չկարդաց։ Թուրքիային չնեղացնելու համար այդ օրը «Պրավդա» թերթը երկու տարբերակով հրատարակվեց` Հայաստանի համար՝ Ցեղասպանության մասին հոդվածով, և Հայաստանից դուրս՝ առանց այդ հոդվածի։ Լուրերը բերնեբերան փոխանցելու տարբերակը լավ էր աշխատում, և Երևանում անմիջապես իմացան այդ խորամանկության մասին։
․․․Այդ ընթացքում ցուցարարները հավաքվել էին Օպերայի բակում, և չէիր ասի, թե խաղաղ սպասում էին հանդիսավոր սգո արարողության ավարտին։ Հրապարակով մեկ հնչում էր «Մեր հողերը, մեր հողերը» կոչը, բռունցք դարձած ձեռքերը վեր էին նետվում։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ կանգնածները ճեղքեցին ոստիկանների շղթան ու շենք ներխուժեցին։
Եվ այստեղ սկսվեց ցույցի ցրումը՝ ժանրի բոլոր կանոններով։ Իսկույն ևեթ մոտեցան պատրաստ կանգնած հրշեջ մեքենաները (այն ժամանակ ջրցաններ չկային), որոնք թեև մարդկանց չէին փռում ասֆալտին, բայց առատորեն ջրում էին։
«Ջուրը տվեցին, հիմա հողին ենք սպասում»,- չդիմացավ ու կատակեց կողքիս կանգնած տղամարդը։
Միլիցիան ամենաակտիվ ցուցարարներին մտցրեց մեքենաները, թատրոնի սրահում ընթացող նիստը ստիպված եղան ընդհատել, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը փորձեց հանդարտեցնել ցուցարարներին, նրա ուղղությամբ ֆշշացրին, և թվաց` ամեն ինչ այդքանով ավարտվեց։
Այնինչ իրականում գլխավորը նոր էր սկսվում։ Բայց մինչ այդ՝ երկու խոսք Յակով Զարոբյանի մասին։
Նախքան նա կստանձներ բարձրագույն պաշտոնը, մենք Նորքի կառավարական ամառանոցներում գտնվող և երկու մասի կիսված քոթեջների հարևաններ էինք։
Զարոբյանը սիրալիր էր, ժպտադեմ, սիրում էր կատակել։ Ծնվել էր Բաթումի մերձակայքում, աշխատել էր Խարկովում, բացառապես ռուսերեն էր խոսում։ Այդ լեզվական բացթողումը արագ լրացվեց, և առաջին քարտուղար դառնալուց հետո Զարոբյանը անցավ վարժ հայերենի։
Ինչևէ, Երևանի իրադարձություններից հետո պաշտոնական Մոսկվան համարեց, որ Զարոբյանի երաշխիքները, թե ցույցը խաղաղ կանցնի և զորքերի միջամտության կարիք չի լինի, անկատար են մնացել, և նրան հետ կանչեցին Հայաստանում զբաղեցրած բարձր պաշտոնից։
Ուշադրություն դարձրեք հիմնավորմանը․ «Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախագահությունը մի շարք լուրջ բացթողումներ է թույլ տվել ապրիլի 24-ի միջոցառումների նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում, որոնք արտահայտվել են այդ կարևոր քաղաքական աշխատանքի իրականացման ողջ բարդությունն ու առանձնահատկությունները հաշվի չառնելով»։
Ամեն դեպքում գործն արված էր, և իրավիճակն ավելի չթեժացնելու համար Մոսկվան համաձայնություն տվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցմանը։ Մրցույթ հայտարարվեց, հաղթեց ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի` «ՀՍՍՌ դրոշակ» ծածկագրով նախագիծը։
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատմում է Ծիծեռնակաբերդի առաջին նախագծի մասին
Սկսվեց շինարարությունը։ Շինհրապարակում ղեկավարը «Երքիմշին» տրեստի թիվ 9 շինարարական վարչության տեղամասի պետ Արտուշ Օրդուխանյանն էր (ծնվել էր 1915 թվականի ապրիլի 24-ին)։ Հիշենք այս անունները։
Հուշահամալիրը կառուցում էին օրուգիշեր, մի շաբաթօրյակը փոխարինում էր մյուսին, գալիս էին ուսանողներ, դպրոցականներ, թոշակառուներ, կառուցեցին ռեկորդային ժամկետում՝ երկուսուկես տարում։ Բացումը կայացավ 1967թ․-ի նոյեմբերի 29-ին, ինչպես ընդունված էր, տոնական օրվան ընդառաջ․ Հայաստանի խորհրդայնացման 49-ամյակի օրն էր։
Առաջին երթը դեպի հուշահամալիր շարունակվեց մինչև ուշ գիշեր։ Այն ժամանակից ի վեր մարդիկ դեռ քայլում են ու քայլում․․․