ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունի։ Telegram ալիք-ի իր էջում այսպիսի հրապարակում է արել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ժամանակակից Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից իր նախնիների կատարած սարսափելի հանցագործության համար՝ մոռանալով, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և ժխտումը նույնպես հանցագործություն է»,- գրել է Բեգլարյանը։
Նա հրապարակել է կադրեր` Ստեփանակերտում կայացած ջահերով երթից։
«Թուրքիան անվերապահորեն աջակցում է իր եղբայրական Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն արցախահայության նկատմամբ, որը գաղափարապես Հայոց ցեղասպանության շարունակությունն է»,- հավելել է Բեգլարյանը։
Բեգլարյանը մաղթել է, որ ջահերը լույս սփռեն պատմական արդարության և նրանց բոլորի մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը։
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակից այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Այն այս տարի անցկացվում է «Զարթի՛ր, լաո» խորագրով։
Վաղը` ապրիլի 24-ին, համայն հայությունը կնշի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։