ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Բոսնիա և Հերցեգովինայի հարավում տեղի ունեցած երկրաշարժը, որի մագնիտուդը, Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով, հասել է 5,7-ի, վնասել է դպրոցներ, տներ ու ճանապարհներ, հաղորդում է Dnevni avaz պորտալը:
EMSC-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են շաբաթ գիշերը: Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել 7,7 հազար բնակչությամբ Ստոլաց քաղաքից 20 կմ դեպի արևելք։ Գիշերվա ընթացքում, մինչև առավոտ, մի շարք երկրորդային ցնցումներ են տեղի ունեցել՝ պակաս ուժգնությամբ։
«Դոկտոր Սաֆեթ Մույիչ» շրջանային հիվանդանոցում շաբաթ գիշերը ստացած վնասվածքներից մահացել է տեղի բնակչուհին, որին ծանր վիճակում հասցրել էին հիվանդանոց: Վնասվածքներ են ստացել նաև մահացածի ծնողներն ու քույրը, երբ Կուկավաց շրջանում գտնվող նրանց տան վրա փլվել է ժայռի մի մասը և կոտրել տանիքը։
Երկրաշարժի հետևանքով նյութական վնաս է առաջացել, վնասված են օբյեկտներ, փլուզումներ են տեղի ունեցել Ստոլաց Մոստար, Ստոլաց Նեում, Ստոլաց Լյուբինե և Ստոլաց Բերկովիչի մայրուղիներում։