Փրկել ոչնչացվող հայոց քաղաքակրթության վերջին փշրանքները` թեկուզ թղթի վրա. Րաֆֆի Քորթոշյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն անրադարձել է Արևմտյան Հայաստանում և Ադերբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում մնացած հայակական մշակութային արժեքների ճակատագիրին, միջազգային ատյանների վճիռներին։
Sputnik
Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը հիշեցնում է ցավոտ թեմաներ, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանում հայկական հուշարձանների ճակատագիրը։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք դրանց ճակատագրի մասին։
«Իրականում, Հայոց մշակութային ցեղասպանությունը շարունակական բնույթ է կրել և կանգ չի առնում, և այն, ինչ տեսել ենք 2020-ին այսօր կարող է գոյություն չունենալ։ Ճամփորդություն ենք կատարել նաև 2021 թվականին, կատարել ենք հավաքագրական աշխատանքներ, և այդ գործընթացը շարունակական է»,–ասում է Քորթոշյանը։
Նա հիշեցնում է, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի բնաջնջման հետ մեկ տեղ բնաջնջվեց նաև նրա հոգևոր, մշակութային և ոչ նյութական արժեքների զգալի մասը։ Նշում է` արդեն 30, 40 տարի է` ոչնչացնող ուժը տեղական, ոչ բնիկ ժողովուրդներն են, որոնք չեն կրում հայ մշակույթի գիտակցությունը, որոնք ամեն օր գանձագողության համար կամ ատելությամբ ոչնչացնում են այդ հուշարձանները, ի տարբերություն 40-ական թվականների, երբ Թուրքիա պետությունը ինքն էր ոչնչացնում իր բանակի օգնությամբ։
«Իմ ձեռքում «Խնուս» հատորն է, ուր զետեղված են մեր երկու դաշտային ճամփորդության արդյունքները՝ 2010 և 2017 թթ․-ի։ Հավաքագրել ենք 350 հուշարձան, որոնց 80%-ն առաջին անգամ է վկայագրվել։ 37-ը մինչև 2015 թ․ գույություն ունեցած եկեղեցիներն են։ Այդ եկեղեցիներից 33-ը ոչնչացված են, պահպանվել են միայն 4-ը, որոնցից 3-ը վիմափոր են։ «Խնուսում» հաշվառել ենք 6 վանք, որոնցից 4-ը պահպանվել են, 2-ը՝ նույնպես վիմափոր։ Վիմափորներն էլ պահպանվել են, քանի որ դժվար է ժայռի մեջ փորված եկեղեցու ոչնչացումը` այն պետք է պայթեցնել։ Պատերը, խորանը քերել են` նախնական տեսքը այլևս չունեն։ 43 գերեզմանոցներից հիմնովին ոչնչացվել են 27-ը, մնացածը մշակութապես արժեք չեն ներկայացրել․ անմշակ սալատապաններ, տապանաքարեր, ընդհամենը 3 հայերեն արձանագիր քար ենք գտել 115 գյուղում»,–պատմում է Րաֆֆի Քորթոշյանը։
Ասում է` այդ տարածքներում, որտեղ իրենք աշխատել են, հայ համայնքի ներկայացուցիչներ չկան, կան հայի հիշողությամբ մարդիկ, որոնց նախնիները հայ են եղել։ Կապը նրանց հետ են պահում ինչ-որ տեղեկություն ստանալու համար։ «Մեր գործներության նպատակն է ոչնչացվող հայոց քաղաքակրթության վերջին փշրանքները փրկել` թեկուզ թղթի վրա»,–նշում է նա։
Հայ մշակութային իրականության մեջ աննախադեպ հրատարակություն են նրանք նրակայացրել։ Համագործակցելով «Արլուպա» ծրագրի հետ` առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ «Խնուս» գրքի էջերում նոր ձևաչափ է ի հայտ եկել։ Խոսքը Խնուսի գավառի Մժնկերտ գյուղի Սբ․ Կարապետ վանքի ու Տերիքի եկեղեցու մասին է (մոդելավորող՝ Պարգև Ֆրանկյան)։
«Առաջինը հիմնահատակ ավիրվել է 1915 թվականին, երկրորդը կիսով չափ պահպանված է։ Այս էջերից որևէ մեկի վրա պահում եք «Արլուպա» ծրագիրը, սկան է արվում էջը և դրանից դուրս է գալիս եռաչափ պատկերը։ Այնուհետև հնարավորություն եք ունենում հեռախոսով «շրջել» այդ տարածքում։ Ուշագրավ է, որ շնորհիվ այդ ծրագրի ոչ միայն գրքով, այլև կոորդինատներով աշխարհի ցանկացած երկրից եկած զբոսաշրջիկ հնարավորություն կունենա մոտենալ Խնուսի գավառում գտնվող բլրին, որում արդեն գույություն չունի այդ հուշարձանը, և «շրջել» ներսում։ Ինչպես նաև` լսել հայակական կողմի իրական փաստարկները, հայ գիդերի պատմական ճշմարտությունը, քանի որ տեսել ենք, ինչպես են Թուրքիայի զբոսավարները խեղաթյուրված ներկայացնում են այն հուշարձանները, որոնք դեռ կանգուն են։ Ծրագրում ենք ներդնել այս ծրագիրը բազմաթիվ հուշարձանների վրա, այդ թվում նաև Անիի տարածքում՝ ավելացնելով օտար լեզուները․ այս պահին գործում են հայերեն և անգլերեն տարբերակները»,– պատմում է Քորթոշյանը։
Գալով հայ–թուրքական` հնարավոր հարաբերությունների օրակարգում հուշարձանների պահպանության հայեցակարգին` Քորթոշյանը նախադեպ հիշեցրեց։ Օրինակ` Տայքի տարածքում բազմաթիվ հայ-քաղկեդոնական կառույցներ կան, որոնք վրացիները և թուրքերը համարում են վրացական՝ համատեղ ուսումնասիրությունների արդյունքում, համատեղ աշխատություններ, վերանորուգմներ են արվում, եռալեզու ցուցանակներ տեղադրվում։
«Մեր դեպքում դեռ վաղ է խոսել։ Կան շատ խրթին հարցեր, մենք չենք հասել այն մակարդակին, որ համատեղ հուշարձաններ նորոգենք։ Երկխոսությունը Թուրքիայի հետ պետք է բխի Հայաստանի ազգային գերակա շահերից։ Եվ միայն պահանջատիրությունը չէ մեր խնդիրը։ Մեր առաջին խնդիրը մեր նախնիների հանդեպ պարտքն է։ Նույնիսկ եթե հարևանին պատասխանատվության չես ենթարկելու նախորդ գործողությունների համար, բայց նա չի դադարում իր գործողությունները, նշանակում է՝ անկեղծ չի կարող լինել երկխոսույթունը»,–ընդգծում է մեր զրուցակիցը։
Նշում է` եթե դեռ 2 տարի առաջ իրենց ուշադրության կենտրոնում միայն Արևմտյան Հայաստանի հուշարձաններն էին, ապա այսօր գումարվել են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող պատմամշակույթային արժեքները, որոնց վրայից հայկական հետքերի վերացմանն ուղղված քայլեր են արվում։
«Շնորհիվ լուսահոգի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կա համակարգված և արխիվավորված հարուստ նյութ՝ շուրջ 600․000 լուսանկարներ։ Ցանկացած վայրից կարող ենք որոնել և գտնել այն, ինչ մեզ պետք է։ Մեր նյութերը տրամադրում ենք և՛ Արցախի կառավարությանը, և՛ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը, և՛ առանձին միջազգային, համահայկական կազմակերպությունների։ Մեր տեղը գիտեն, և բազմաթիվ են դիմումները»,–ասում է Քորթոշյանը։ Նշում է, որ Ադերբեջանի վարքագիծը կանխատեսելի էր։ Անցած 30 տարիների ընթացքում տեսել ենք` այն հատվածներում, որտեղ հայական զորքը չէր հասել՝ Հյուսիսային Արցախի դեպքում, հայական հուշարձանները ոչնչացնում էին։
Հիմա, միջազգային հանրության ճնշումների ներքո, Ադրբեջանը մի քիչ փոխել է քաղաքականությունը և այս նոր հատվածներում նոր ախորժակով իրականացնում է մշակութային եղեռնը՝ հայկական հուշարձանները ներկայացնելով իբրև աղվանական, «FAKE» անվանելով և քերելով հայկական միջնադարյան արձանագրությունները։
«Բազմիցս հայտարարել ենք, որ Հաագայի դատարանի որոշումն ընդունվել է, որ Ադերբեջանն այդ գործնեությունը չծավալի, որովհետև այն տարածքներում, որ միջազգայնորեն ճանաչվել են Ադերբեջան, Հաագայի դատարանը հայկական բոլոր հուշարձանները ճանաչեց որպես հայ ժողովրդի ժառանգություն։ Մինչ այդ, երբ մենք ՅՈՒՆԵՍԿՕ էինք դիմում, ըստ նրանց կանոնադրության, հուշարձանը, որ գտնվում է որև է պետության տարածքում, անկախ ազգային պատկանելությունից, այդ պետության ժառանգությունն է, և նա պետք է պահպանի։ Բայց Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադերբեջանին, որ իր տարածքում գտնվող հայկական հուշարձանները ՀՀ–ն պահպանի։ Եվ քանի որ դիմումը Հայաստանն էր ներկայացրել, Հաագան ճանաչեց Հայաստանի իրավունքը այդ հուշարձանների նկատմամբ։ Հենց դրա համար է, որ Ադերբեջանն այս պահին փորձում է խեղաթյուրել և հանձնախմբեր ստեղծել, որ փաստեն, թե այդ հուշարձանները հայկական չեն, այլ աղվանական են։ Ու եթե մենք չենք կարող կասեցնել այդ գործընթացը, գոնե դանդաղեցնենք այն»,–ասում է։
Սամվել Կարապետյանն ասում էր. «Հուշարձաններն օգնում են, որ ազգն իր հիշողության տերը լինի»:
Նա փորձում էր լուծել նաև ապագայում մասնագետներ ունենալու խնդիրը։ Կարապետյանը իր փորձը և՛ տեսական, և՛ դասընթացների, և՛ գործնական արշավների միջոցով կարողացել է փոխանցել երիտասարդներին։
«Մենք այսօր էլ շարունակում ենք նույն ձևով աշխատել, ունենք երիտասարդներ, համագործակցում ենք տարբեր համահայկական կազմակերպությունների հետ, ընդունում ենք կամավորներ։ Ես, օրինակ, կամավոր եմ եկել Սիրիայից, սիրահարվել այս գործին և մնացել, և բազմաթիվ մեր կամավորներ` արբանյակների նման, ամբողջ աշխարհում տարածվել են։ Որպես կազմակերպություն մենք այս հարցում խնդիր չենք տեսնում։ Կարևորը երիտասարդը տեսնի իր ուսուցչի խոսքի և գործի համապատասխանությունը։ Եթե չի տեսնում, այդ գործը չի շարունակի»,–իր խոսքը եզրափակում է Քորթոշյանը։
Նա վստահեցնում է, որ ինքը դա տեսել է իր ուսուցչից՝ Սամվել Կարապետյանից։
Միրզոյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրենի հետ խոսել է Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման մասին