ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն ընդունել է ԿԽՄԿ–ի ԼՂ առաքելության պատվիրակությանը

Կողմերը պայմանավորվել են խորացնել հետագա համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:
Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանն աջակցելու համար:
Հիշեցնենք ` ապրիլի 11–ին հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ գերիների թիվը շատ ավելի մեծ է։