«Փառուխի դեպքերի պատճառը Փաշինյանի կործանարար քաղաքականությունն է»․ Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային ժողովում փորձել է մոլորեցնել և մանիպուլացնել հանրությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին օմբուդսման Արման Թաթոյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ապրիլի 13-ին ունեցած հայտնի ելույթին, որում, մասնավորապես, ՀՀ կառավարության ղեկավարը առաջին անգամ խոսեց «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման» մասին։
«Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»,- ասաց Փաշինյանը ամբիոնից՝ նկատի ունենալով, որ եթե Արցախի «կարգավիճակի նշաձողը» չիջեցվի, ադրբեջանցիները հերթով կգրավեն Արցախի գյուղերը։

«Ակնհայտ է, որ այդ արտահայտությունը արվեց մարդկանց դժգոհությունները մեղմելու և Փառուխ ադրբեջանական ներխուժումն արդարացնելու համար: Իրականում թե՛ Խրամորթում, թե՛ Փառուխում տեղի ունեցածը «զորքերը հայելային հետ քաշելու»` կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է` ինչ գործոն էլ դրանում ընդգրկված լինի»,- գրել է Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դա ասելով, փորձել է մոլորեցնել և մանիպուլացնել հանրությանը, ինչպես նաև քողարկել «հայելային հետքաշման» աղետարար հետևանքները։
Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ. Փաշինյան
Նախկին օմբուդսմանը ամփոփում է, որ այս հարցում քաղաքական շահերը և պաշտոնի պահպանումը գերակայում են Հայաստանի ու Արցախի անվտանգության նկատմամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն էին:
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։