Միկա Բադալյանը ձերբակալվել է․ նա մեղադրվում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ

ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ բլոգերը ապրիլի 11-ին իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը, որը երեկ Ազատության հրապարակից բերման էր ենթարկվել, ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
Նշվում է, որ նախնական տվյալներով, Բադալյանը՝ չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր Հայաստանի տարածքում։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը), և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը - խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ին Մոսկվա ուղևորությունը»։
Ըստ բլոգերի՝ ՀՀ վարչապետը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա Ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կատարի»։
ՌԴ-ն բացառիկ նշանակություն է տալիս Փաշինյանի այցին. քաղտեխնոլոգը բացատրում է պատճառը
Հիշեցնենք՝ Բադալյանը մի քանի օր առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի մոտ տասնյակ համակիրների հետ ընդդիմացել էր պրոուկրաինական ակցիային և դրա մասնակիցներին քշել տարածքից։