ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մալայզիայում կքննարկեն ռուսական կողմի ցանկացած հայց, որը կվերաբերի Ռուսաստանին կիսահաղորդիչների և էլեկտրոնիկայի մատակարարումներին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Մալայզիայի դեսպան Բալա Չանդրանը։
«Մալայզիական արդյունաբերությունը շուկային է ուղղված։ Եվ ես լիովին վստահ եմ, որ ռուսական կողմի ցանկացած հարցում, որը վերաբերում է նման արտադրանքի մատակարարմանը, կքննարկվի»,-ասել է դիվանագետը։
Նա հստակեցրել է, որ ներկա պահին տեղյակ չէ կառավարական մակարդակով որևէ բանակցության մասին, սակայն հույս ունի, որ բիզնեսի մակարդակով նման շփումներ կլինեն:
«Ես շատ ուրախ եմ, որ դուք կարծում եք, որ Մալայզիան կարող է դառնալ Ռուսաստանին բարձր տեխնոլոգիական սարքավորումներ մատակարարողը։ Մալայզիան կիսահաղորդչային խոշորագույն արտահանողներից մեկն է՝ տարեկան 8,7 մլրդ դոլար ծավալով։ Էլեկտրոնիկայի ոլորտն ապահովում է Մալայզիայի ՀՆԱ-ի գրեթե 6%-ը։ Այդ պատճառով ես ուրախ եմ, որ դուք անդրադարձաք այս թեմային»,-ասել է դեսպանը։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Մալայզիայի տնտեսությունը բաց է, ուստի բիզնես ոլորտը կարձագանքի համաշխարհային շուկայում արտադրանքի պահանջարկին և առաջարկին, ներառյալ կիսահաղորդիչները, էլեկտրոնիկան և էլեկտրոնային սարքերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։