Կիևը մի շարք լուրջ սադրանքներ է պատրաստում ՌԴ զինվորներին վարկաբեկելու համար. մանրամասներ

Կիևը Զատկի նախօրեին սադրանքներ է նախապատրաստում նաև Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն վարկաբեկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նոր սադրանք է նախապատրաստում ԼԺՀ-ում՝ Լիսիչանսկում։ Այդ նպատակով քաղաք են ժամանել արևմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ բեմադրված լուսանկարահանում և տեսանկարահանում էին իրականացրել Բուչայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության վարչության Ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Գեներալը պնդում է, որ հատուկ ռազմական գործողության խնդիրների կատարման ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, ի տարբերություն ուկրաինական բանակի և ազգայնական զինված կազմավորումների, բացառապես մարդասիրաբար են վերաբերվում տեղի բնակչությանը և հարվածներ չեն հասցնում երկրի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին:
«Նախօրոք զգուշացնում ենք այսպես կոչված «քաղաքակիրթ արևմուտքին», որ Կիևի իշխանությունների այդ ֆեյքերը` իբրև թե «ռուսների վայրագությունների» մասին, մոտ ժամանակներս ծրագրում են լայնորեն տարածել արևմտյան ԶԼՄ-ների միջոցով»,-եզրափակել է նա։
Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինայի հատուկ ծառայությունները պլանավորում են սադրանք իրականացնել Օդեսայի «Յուժնի» նավահանգստի շրջանում և Ռուսաստանին մեղադրել Ուկրաինայի ՌԾՈւ արևմտյան ռազմածովային բազային հրթիռային հարված հասցնելու համար, որի հետևանքով կպայթեցվի նավահանգստի սառնակոմբինատը (այն ռազմական օբյեկտից 500 մետր է հեռու)։
Միզինցևը պարզաբանում է, որ տվյալ սցենարի իրականացման համար ձեռնարկության տարածք 2022 թվականի ապրիլի 18-ին Օդեսայից ամոնիակով լի ցիստեռն է հասցվել (10 տոննա), իսկ Օդեսայի մարզի իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցներին բաժանվել են անհատական պաշտպանության միջոցներ:
Ջոնսոնն ու Զելենսկին խոսել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նոր փուլի մասին
Բացի այդ, ինչպես պնդում է Միզինցևը, Կիևը Զատկի նախօրեին սադրանքներ է նախապատրաստում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն վարկաբեկելու համար։
Գեներալը նշել է, որ Ուկրաինայի հունա-կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսները հանձնարարականներ են ստացել Վլադիմիր Զելենսկու գրասենյակից «ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Զատկի ավանդական տոնակատարություններ չանցկացնել՝ դրանք փոխարինելով տաճարներում պատարագի առցանց հեռարձակմամբ»: Ընդ որում, Ուկրաինական Ուղղափառ Եկեղեցու հասցեին նման ծանուցումներ դիտավորյալ չեն ուղարկվել՝ ուղղափառ տաճարներում հավատացյալների զանգվածային կուտակումներ կազմակերպելու նպատակով:
Պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի պետը պարզաբանել է, որ «կանխամտածված կերպով ստեղծվում է մի իրավիճակ, որի դեպքում այսօր լեփ-լեցուն վանքերում Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հատուկ դրդված ցանկացած միջադեպ առավելագույնս կօգտագործվի Կիևի պառակտիչ քաղաքականության խորացման և Ուկրաինայում ու արտասահմանում ռուսատյացության նոր ալիքի ակտիվացման համար»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։