ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի՝ մեջլիսի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագիծ է առաջարկել թուրք պատգամավորներին։ Այս մասին հայտնում է Թուրքիայում գործող հայկական «Ակոս» պարբերականը։
Օրենքի նախագծում, բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից, նշվում է, որ պետք է Ցեղասպանության պատասխանատու անձանց անունները հասարակական վայրերում փոխարինվեն այն մարդկանց անուններով, որոնք մերժում են Ցեղասպանությունը, պետք է Ցեղասպանությունից տուժածներին ու նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել։
«Եթե Թուրքիայի մեջլիսում Հայոց ցեղասպանության հարցը քննարկվի, ու արդարությունը վերականգնվի, անիմաստ կլինի այլ երկրների նախագահների և խորհրդարանների հայտարարություններն այս հարցով։ Հայ ժողովրդի վերքերը բուժող միակ հասարակությունը թուրքական հասարակությունն է, միակ խորհրդարանը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը։ Հայոց ցեղասպանությունն այս հողի վրա է եղել, այստեղ էլ ՝ Թուրքիայում, պետք է արդարությունը վերականգնվի»,- ասել է Փայլանը։
Նա նշել է, որ 1915թ․ Թուրքիայում սկսված ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է, որովհետև 107 տարի է` արդարությունը չի վերականգնվել։
Թուրքիայի մեջլիսը պետք է պատասխանատվություն ստանձնի այս հարցում, հայ ժողովրդի դեմ իրագործված մեծ ոճրագործությանն իր իրական անունը պետք է տրվի, իսկ այդ մեծագույնը մեղքը պետք է ճանաչվի Թուրքիայի մեջլիսի կողմից։
Նշենք, որ վաղը` ապրիլի 24–ին, համայն հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։